ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Հանդիպումներ Վատիկանում

Հանդիպումներ Վատիկանում
17.09.2025 | 11:47

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 15-ին և 16-ին Վատիկան պաշտոնական այցի ընթացքում հանդիպումներ ունեցավ Վատիկանի մի շարք կառույցների պատասխանատու կարդինալների հետ։

Վեհափառ Հայրապետը հանդիպեց Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ։ Զրույցի ընթացքում, ի շարս այլ հարցերի, անդրադարձ կատարվեց աշխարհի տարբեր կողմերում ծավալվող հակամարտություններին, ինչպես նաև մեր տարածաշրջանում զարգացումներին։ Կայուն և երկարատև խաղաղության վերականգնման համար կարևորվեցին միջազգային հանրության, այդ թվում և քույր Եկեղեցիների կողմից ներդրվող ջանքերը։ Վեհափառ Հայրապետը հանդիպմանը առանձնակիորեն բարձրաձայնեց նաև հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանության, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության անխաթար պահպանման և Ադրբեջանում անազատության մեջ պահվող ռազմագերիների ու պետական այրերի ազատ արձակման խնդիրները։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Սուրբ Աթոռի Արևելյան Կաթոլիկ եկեղեցիների բաժին, ուր հանդիպում ունեցավ կառույցի նախագահ կարդինալ Կլաուդիո Գուջերոտիի հետ։ Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց կարդինալին հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու նկատմամբ ջերմ վերաբերմունքի և օգտաշատ ծառայությանց համար։

Այս ընթացքում Վեհափառ Հայրապետը հանդիպեց նաև Քրիստոնեական միության խթանման բաժնի նախագահ կարդինալ Կուրտ Քոխին, Մշակույթի և կրթության բաժնի նախագահ կարդինալ Ժոզե Տոլենտինոյին և Սուրբ Աթոռի՝ պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերին։ Կառույցների ղեկավարների հետ քննարկվեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու գործակցության առավել ընդլայնման հարցեր, հայ ժողովրդի կյանքը հուզող հիմնախնդիրներ, քրիստոնյա աշխարհի առջև ծառացած մարտահրավերներ, քրիստոնեական արժեքների և ժառանգության պահպանման հրամայականներ։

Սեպտեմբերի 16-ի երեկոյան Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը վերադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Դիտվել է՝ 3190

Մեկնաբանություններ